ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ապրիլի 23-ին "Microsoft" ընկերությունը USAID-"CAPS", "BSA" և "P-ART" ընկերությունների հետ համատեղ իրականացրեց "Ստեղծագործողներն ընդդեմ պիրատության" խորագրով ցուցապաստառների մրցույթ-ցուցահանդեսը: Միջոցառումը, որը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի համերգասրահի ցուցասրահում, նվիրված էր հեղինակային իրավունքի պաշտպանության միջազգային օրվան: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչից հետո «Microsoft» ընկերության ներկայացուցիչը հրապարակեց ցուցապաստառների մրցույթի հաղթողների անունները:
Միջոցառման կազմակերպիչները բոլոր ցանկացողներին առաջարկել էին ձեռքի աշխատանքի և համակարգչի միջոցով պատկերել ձայնասկավառակների կեղծման խնդիրը` գործի դնելով սեփական երևակայությունը: Հանձնաժողովի միաձայն որոշմամբ` մրցութային աշխատանքներից ոչ մեկը չարժանացավ առաջին մրցանակի, որի համար նախապես սահմանված էր 300 000 դրամ դրամական պարգև և "Microsoft" ընկերության ծրագրային "Office Pro" նոր փաթեթը: Հանձնաժողովի որոշմամբ` ներկայացված հայտերից լավագույնը համարվեց հայտատու Գայանե Հովհաննիսյանի ստեղծագործությունը: Վերջինս արժանացավ երկրորդ մրցանակի, որի համար սահմանված էր 200 000 դրամ պարգև և "Microsoft" ընկերության "home student" ծրագիրը: Երրորդ մրցանակակիր Հայկ Հովհաննիսյանը արժանացավ 100 հազար դրամ պարգևի,ինչպես նաև համակարգչային մկնիկի: Սահմանված էր նաև խրախուսական պարգև, որը, հանձնաժողովի միաձայն որոշմամբ, տրամադրվեց Արգիշտի Հարությունյանին` հետաքրքիր մտահաղացման համար:
"Ստեղծագործողներն ընդդեմ պիրատության" խորագրով մրցույթ-ցուցահանդեսի նպատակն էր հասարակությանը ցույց տալ "պիրատության" (հենության) վնասակար հետևանքները, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:
"ԻՐԱՎՈՒՆՔ DE FACTO" ԹԵՐԹ
09-12.04.2010
"Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ"
“Եթե խաղն ընթանար հայերեն, անպայման հարցնելու էին` իսկ ինչու՞ հայերեն”
Հայկական հեռուստատեսությունը քննադատության հաճախ է արժանանում: Չենք կարող ասել, թե այդ ոլորտում նկատելի հաջողություններ ու ձեռքբերումներ ունենք: Ավելի շատ ընդօրինակում, քան ստեղծում ենք: Եվ ընդօրինակում ենք բավականին վատ:
Հեռուստահաղորդավար ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ համամիտ չէ այս դիտարկմանը, ըստ նրա` հեռուստատեսային ֆորմատ ստեղծելը դժվար է և ծախսատար, առավել ևս մեզ նման փոքր երկրի համար: Նախկին խորհրդային Միության տարածքում ստեղծվել է երկու հեռուստատեսային նախագիծ` ՈՒՀԱ-ն և “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ”-ը, մնացածն ընդօրինակված են, ընդհուպ` այսօրվա ծրագրերը: Հարցն այն է` ինչպե՞ս են ընդօրինակում, գնու՞մ են արտոնագիրը, պահպանու՞մ ֆորմատը, թե՞ գողանում են, ներկայացնում ծիծաղելի ու անճաշակ ձևով: Ինչևէ, կան հաղորդումներ, որ չեն ենթարկվում ժամանակի քմահաճույքներին, թարմացվում են, քայլում ժամանակին ու սերունդներին հանընթաց` պահպանելով իրենց դեմքն ու ձևաչափը: ՈՒՀԱ-ն, օրինակ, կեսդարյա պատմություն ունի:
“Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ”-ն այս տարի կնշի 35-ամյակը: Այն աննախադեպ հեղինակություն և լայն տարածում ունի. ընթանում է Ադրբեջանում, Վրաստանում, ՈՒկրաինայում, Բելառուսում, այս տարի արտոնագիրը գնել է ամերիկյան ABC հեռուստաընկերությունը, բանակցություններ են վարում նաև Իսրայելի, Բուլղարիայի, Լատվիայի հեռուստաընկերությունները: Հայաստանում այն տեղայնացվել է 80-ականների վերջերին, մարզական “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” խաղի տեսքով: Մարզական խաղերը շարունակվում են առայսօր, մեր գիտակները մասնակցում են տարբեր միջազգային մրցույթների, անգամ ունենք բազմակի չեմպիոններ: 2002-2004 թթ. ներկայացվել է խաղի հեռուստատեսային տարբերակը: Վեց տարվա ընդմիջումից հետո “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ”-ը դարձյալ եթերում է: Հեռարձակվում է “Արմենիա” հեռուստատեսությամբ, ավանդույթի համաձայն, հովանավորում է հանրապետության վարչապետը: Խաղի մասնակից դառնալու համար սուր միտքը, կրթական բազան պարտադիր, բայց ոչ բավարար պայման են, նշում է հաղորդման պրոդյուսեր և վարող Կարեն Քոչարյանն ու բերում Մաքսիմ Պատաշովի օրինակը: Այն հարցին, թե ինչպես է ինքն ընտրվել, Պատաշովն ասել է` Ռուսաստանում կան ինձ նման խելոք տասնյակ հազարավորներ, պարզապես, իմ բախտն ավելի է բերել: “Հեռուստատեսությունն ունի իր պահանջները. արտաքին տվյալներ, խոսելու, քննարկելու կուլտուրա: Կա մարդ, որ խելացի է, բայց ձայնը դուրս չի գալիս, հետաքրքիր չէ հեռուստադիտողի համար: Շատ կարևոր է թիմային խաղի մասնակից դառնալու ունակությունը: Բոլոր ինտելեկտուալ կամ կիսաինտելեկտուալ խաղերից “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ”-ը միակն է, որ հեռուստադիտողը, գիտակների խաղին հետևելով, երբեք չի ասում` ես գիտեմ, ինքը չգիտի, որովհետև հասկանում է` մասնակիցները պատահական մարդիկ չեն”, - ասում է Կարեն Քոչարյանն ու փաստում, որ ժողովուրդը սիրում է այս խաղը: Սակայն, որպեսզի այն շարունակություն ունենա և պահպանի իր բարձր վարկանիշը, կարևոր է մասնակիցների գործոնը, ի վերջո, նրանք են ապահովում խաղի հետաքրքրությունն ու դինամիկան: Թվում է, բազմապիսի “աղբով” հագեցած մեր հեռուստաեթերում հին, բարի, իմաստուն խաղի հայտնվելը պետք է ընդունվեր ցնծությամբ: Փաստենք, որ այդ ոգևորությունը կա, և, բնականաբար, կան նաև քննադատություն ու հարցեր:
Հարց առաջին` ինչու՞ է խաղը ռուսերեն: “Եթե խաղն ընթանար հայարեն, - նկատում է Կարեն Քոչարյանը,- անպայման, հարցնելու էին` իսկ ինչու՞ հայերեն: Ֆիլմերի զգալի մասը ներկայացվում է ռուսերեն (բացառությամբ Հանրային հեռուստաընկերության), ինչը, չգիտես ինչու, մտահոգություն չի առաջացնում, ավելին, եթե հայերեն է, ասում են` վատ է թարգմանված: Բացի այդ, երբ 2000-ականների սկզբին խաղը ներկայացվեց հեռուստատեսությամբ, նման հարց չբարձրացվեց: Փողոցային ժարգոնով, կիսահայերեն-կիսառուսերեն-կիսաանգլերեն (ընդհուպ թուրքերեն) ցուցադրվող հեռուստանախագծերի մոլի սիրահարները հանկարծ հայեցի՞ են դարձել: Իհարկե` ոչ: “Ինչու՞ ռուսերեն” ասողների մեծ մասը կարգին հայերեն էլ չգիտի: Ի դեպ, չի բացառվում, որ ավելի ուշ խաղն ընթանա հայերենով: Սակայն այդ դեպքում խաղի մոսկովյան էլիտար ակումբում մեր գիտակներին ընդգրկելու գրեթե անլուծելի խնդիր կառաջանա”:
Ի դեպ, ժամանակին հայերեն դարձնելու պատճառով մենք կորցրինք մեր կայուն բարձր դիրքները ՈՒՀԱ-ական միջազգային շարժման մեջ:
Իսկ հեռական նպատակներ մեր գիտակները, իհարկե, ունեն: Կարեն Քոչարյանը փաստեց, նաև որ գիտակները, ովքեր առկա են դաշտում (այդ թվում` փոքրիկ գիտակները), հիմնականում ռուսախոս են:
Ինչևէ, ամեն բան առջևում է, հեռուստադիտողը դեռ կհասցնի քննարկել, սիրել կամ չսիրել մասնակիցներին: Անցնենք երրորդ հարցին, որը վերաբերում է մրցանակային գումարին` ինչու՞ հինգ հազար դրամ: “Նախ և առաջ հինգ հազար դրամը հինգ հազար դրամ է, և ոչ ոք դիմացինին հենց այնպես չի նվիրում,- ասում է հաղորդման պրոդյուսերը:- Հետո էլ, եթե գումարենք հաղթողներին տրվող հինգհազարական դրամները, փոքր թիվ չի կազմի: Ես հաճույքով կտայի քսան հազար դրամ, բայց չմոռանանք, որ նախագիծն ինքնին թանկ է, իսկ այս գարնանային խաղաշրջանում հովանավորներն ի հայտ են եկել միայն խաղի նկարահանումներից հետո”: Կարեն Քոչարյանը նշեց նաև, որ հաջորդ եթերաշրջանում հովանավորների շարքում, հավանաբար, կավելանա նաև մեր առաջատար և կայուն բանկերից որևէ մեկը, ինչպես մոսկովյան ակումբում է: Այդ դեպքում, իհարկե, մրցանակային գումարներն էլ կաճեն: Մինչդեռ այս խաղի պարագայում նյութական շահագրգռությունը երբեք վճռորոշ նշանակություն չի ունեցել: Այդպես էր նաև Ռուսաստանում: Գիտակներն ապրում են այս խաղով: Գումարային մրցանակն այս դեպքում ավելի շատ սիմվոլիկ է, քան շահագրգռող, և ինչպես անկեղծորեն ու փոքր-ինչ հումորով մեկնաբանում է Կարեն Քոչարյանը, բոլոր ժամանակներում մարդիկ սիրում են հեռուստատեսությամբ երևալ, հատկապես` խելոք երևալ, և ստանալ մեզանում իմաստության խորհրդանիշ համարվող “Մարմարե արծիվը”: Իսկ ի՞նչ են ասում հովանավորները: Որպես կանոն, վարկանիշ և շատ գովազդ ունեցող հաղորդումներն աչքի չեն ընկնում բարձրարժեքությամբ, ինչի համար գուցե և պետք չէ շատ մեղադրել գովազդատուներին. նրանց հետաքրքրում է ոչ թե նախագծի որակը, այլ լսարանը: Բայց անտեսվում է մի կարևոր հանգամանք` նպատակային խումբն ի վիճակի՞ է, արդյոք, գնելու գովազդվող ապրանքը: Իսկ քննադատությունները Կարեն Քոչարյանը համարում է բնական, ավելին, լավ քննադատությունը նպաստում է որակի բարձրացմանը: Հաղորդման վարկանիշը, ըստ միջազգային վարկանիշային կազմակերպությունների, աննախադեպ բարձր է, ինչը լավատեսություն և հույս է ներշնչում նախագծի կազմակերպիչներին և երիցս ապացուցում, որ “աղբը” մատուցել ժողովրդին ու այդ քայլն արդարացնել նրանով, թե դա է նրա ուզածը, պարզապես դեմագոգիա է: Մնում է հետևել խաղի ընթացքին, եթե չենք ուզում վերադառնալ ինտելեկտուալ քաղցի և անգործության այն շրջանին, երբ բոլորը, լավագույն դեպքում, խաչբառ էին լուծում: “Ոմանք էլ պարզապես հաճույք էին ստանում նախորդ համարի պատասխանները վանդակներում լրացնելուց,- հավելում է Կարեն Քոչարյանը:- Բոլոր դեպքերում, այդպես էլ կարելի է սովորել: Ինչպես ժամանակին մի առիթով նկատել է ԵՊՀ-ի նախկին ռեկտոր Սերգեյ Համբարձումյանը, համալսարանի դուռը հինգ տարի շարունակ բացել-փակելով էլ ուսանողը մի բան սովորում է”:
ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
"ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ" ՕՐԱԹԵՐԹ
02.04.2010
ԷԼԻՏԱՐ ԱԿՈՒՄԲԻ ՈՒՂԵԳԻՐ ՀԱՅ ԳԻՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հեռուստանախագծի հետ կապված որոշ խնդիրների շուրջ զրուցեցինք հաղորդման պրոդյուսոր եւ վարող Կարեն Քոչարյանի հետ:
- Հայկական լսարանից բազմաթիվ դժգոհություններ հնչեցին` կապված նրա հետ, որ հաղորդումը եթեր է հեռարձակվում ռուսերեն: Ինչո՞ւ ռուսերեն, եւ ոչ թե հայերեն:
- Մի քանի պատճառներով: Այս եթերաշրջանը նկարահանվել է մեծ ցայտնոտի պայմաններում: Մեզ մոտ եղած հեռուստադիտողների հարցերը դեռեւս մնացել էին 2004 թվականից, եւ դրանք, բնականաբար, ռուսերեն էին: Երկրորդ` ոչ կարեւոր պատճառն այն է, որ մի կողմից կարող է թվալ, որ սեղանի շուրջ նստած են պարզապես խելացի մարդիկ, սակայն իրականում բոլոր գիտակները (բացառությամբ հեռուստադեմքերի եւ քաղաքական գործիչների) ունենայս խաղի բազմամյա փորձ, խաղում են ոչ միայն Հայաստանում, եւ նրանց ավելի հեշտ է խաղալ ռուսերեն: Երրորդ` ինձ համար ամենակարեւոր պատճառն այն է, որ վերջնական նպատակը, այնուամենայնիվ, մեր գիտակներին էլիտար ակումբում տեսնելն է: Իսկ որպեսզի էլիտար ակումբի խմբագիրներն ու ղեկավարությունը կարողանան ընտրել մեր գիտակներին` նրանք պետք է տեսնեն խաղը ռուսերեն:
- Մնացած բոլոր երկրներում եւս այդպե՞ս է. այսինքն` հեռուստանախագծերի հեղինակները իրենց մայրենի լեզվի հաշվին հաղորդումները ռուսերեն են պատրաստում, որպեսզի կարողանան ապահովել գիտակների մուտքը էլիտար ակո՞ւմբ:
- Կարծում եմ, մայրենի լեզվի հաշվինե միտքը պրովոկացիոն է, որովհետեւ չեմկարծում, որ այդ մեկ ժամ ընթացող խաղը, ինչպես դուք եք ասում, մայրենի լեզվի հաշվին է: Եթե ուշադրություն դարձնեք մեր հեռուստաեթերին, ապա անգամ հայերեն կոչվող հաղորդումները հայերեն չեն: Խոսքը նաեւ հոլիվուդյան ֆիլմերի եւ ռուսական սերիալների վատթարգմանության մասին է: Այ դա է մայրենի լեզվի հաշվին: Իսկ ինչ վերաբերում է ձեր բուն հարցին, ապա, այո՛, բոլոր այն երկրները, որոնք գնել են խաղի լիցենզիան, խաղերն անցկացնում են ռուսերենով: Բացառություն է միայն Վրաստանը, թեեւ մենք էլ իրավունք ունենք անցկացնել հայերենով:
- Դուք նշեցիք, որ Ձեր վերջնական նպատակը գիտակներին էլիտար ակումբ անդամագրելն է: Իսկ չե՞ք կարծում, որ հեռուստադիտողը կարող է ճիշտ չհասկանալ Ձեզ: Փաստորեն, ստացվում է, որ Ձեր վերաբերմունքը` առ հեռուստադիտողը, իր մեջ արհամարհանքի տարրեր է կրում:
- Ոչ, իհարկե: Ինձ, ինչպես յուրաքանչյուր հեռուստապրոդյուսորի եւ հեռուստահաղորդավարի համար, հեռուստադիտողի կարծիքն ամենակարեւորն է: Դուք ճիշտ նկատեցիք, որ ես ասացի` վերջնական նպատակը, բայց առաջնայինը` մեր հեռուստադիտողն է: Եւ եթե մենք զգանք, որ հեռուստադիտողի գերակշիռ մեծամասնությունը պահանջում է, որպեսզի խաղն անցկացվի հայերենով, այն կանցկացվի հայերենով: Պարզապես քանի որ մենք մեծ պետություն չենք, ուստի` խնդիր ունենք տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ` ինտելեկտուալ, լավ լույսի ներքո ներկայանալ աշխարհին կամ աշխարհի գոնե մի հատվածին, այս պարագայումխոսքը հետխորհրդային տարածքի մասին է, հետեւաբար` խնդիր ունենք ներկայացնելու մեր գիտակներին էլիտար ակումբում, ինչպես դա անում է, օրինակ, Ադրբեջանը վերջին 10 տարում: Օրինակ, ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ, երբ Գարիկ Մարտիրոսյանին տեսնում էՌուսական առաջին ալիքով, հպարտություն է ապրում, բայց դա դեռ հարցի մի կողմն է: Նույն այդ Գարիկի միջոցով վերջին տարիներին հայերին սկսել են այլ կերպ վերաբերվել: Եվ այստեղ քծնանքի տարրեր փնտրել պետք չէ: Սա նաեւ պետությունը ներկայացնելու մի ձեւ է:
- Դուք ասացիք` եթե զգանք, որ հեռուստադիտողների գերակշիռ մեծամասնությունը պահանջում է, որպեսզի խաղն անցկացվի հայերենով, այն կանցկացվի հայերենով:Հիմա ի՞նչ` հայ հեռուստադիտողը պետք է ,Արմենիաե հեռուստաընկերության դիմաց հացադուլ հայտարարի, երթ անցկացնի, թե՞...
- Ի տարբերություն Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիայի` հեռուստաեթերը չափվում է փիփլմետրերով: Դրանք սարքեր են, որոնք միացված են հեռուստադիտողների հեռուստացույցներին, եւ յուրաքանչյուր վայրկյան ֆիքսում են հեռուստավահանակի կոճակների փոփոխությունը: Հետեւաբար սա օբյեկտիվ տվյալ է: Այդ օբյեկտիվ տվյալների արդյունքում` մեր հաղորդման վարկանիշը եղել է 40 տոկոս, ինչը, հավատացեք, շատ բարձր արդյունք է: Երբ մենք տեսնենք, որ վարկանիշն ընկնում է, կփորձենք պարզել, թե ի՞նչն է պատճառը, եւ եթե պատճառը լինի ռուսերեն լեզուն, ապա մենք անպայման կանցնենք հայերենի:
- Լեզվի դժգոհության մասին մենք խոսեցինք, իսկ խաղից այլ դժգոհություններ եղել են, թե՞ ոչ:
- Ընդամենը մեկ բանից: Շատերն ասում են` բա ամոթ չի՞ 5000 դրամ եք տալիս.խոսքն այն մասին է, երբ հեռուստադիտողի հարցը հաղթում է: Իմ պատասխանը մեկն է. իսկ երբ այդ նույն հարց տվողները 5000 դրամ կամ ավելի քիչ դրամ ընտրակաշառք են վերցնում` ամոթ չի՞: Ես արդեն ասացի, որ հաղորդումը նկարահանվել է ցայտնոտի մեջ, եւնկարահանման պահին ոչ մի հովանավոր չկար: "Արմենիա" հեռուստաընկերությունը որոշեց այդգումարը տրամադրել իր կողմից, ինչը նա կարող էր եւ չանել: Եթե մեր հաղորդաշարը շարունակվի, հուսով եմ, մենք կունենանք հովանավորներ, եւ այդ գումարը կմեծանա:
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
25.02.2010
"ՀՐԱՊԱՐԱԿ" ՕՐԱԹԵՐԹ
10.02.2010
что, где, когда
5 տարի անց վերականգնվել է "Ինչ, որտեղ, երբ" հեռուստախաղի հայկական տարբերակը: Նախագծի հեղինակը Կարեն Քոչարյանն է, որի մյուս հեռուստանախագիծը՝ "Մաֆիան", բավական հաջողված է համարվում: Փետրվարի վերջին, մարտի սկզբին խաղը "Արմենիա" հեռուստաընկերության եթերում կհայտնվի: Հեռուստախաղի մասնակիցների ցանկը բավական հետաքրքիր է ընտրված: Խաղին կմասնակցեն դպրոցականներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, անվանի հայ գործիչների ժառանգներ: Քաղաքական գործիչների թիմի ավագն է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նրա թիմում հանդես են գալիս Շավարշ Քոչարյանը, Վահան Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Խաչատրյանը (ԱԺ պատգամավոր): Մեր տեղեկություններով, փայլուն է խաղացել Վահան Հովհաննիսյանը: Մի թիմ էլ կազմել են հեռուստաաստղերը՝ Գեւորգ Ալթունյան, Հրանտ Թոխատյան, Պետրոս Ղազարյան, Մկո: Հայտնի հայերի ժառանգների թիմում հանդես կգան Խաչատուր Աբովյանի, Նիկողայոս Ադոնցի եւ այլ երախտավորների ժառանգներ: Թե ով է հաղթում եւ ով պարտվում, կիմանաք եթերից, որը, ըստ մասնակիցների, բավական ուշագրավ է լինելու:
ՀԵՐՔՈւՄ
03.02.2010
«Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր
տիկին Կիմա Եղիազարյանին
հոդվածում անդրադարձ է եղել նաև մեր ընկերության գործունեությանը: Մասնավորապես, տեղ են գտել չհիմնավորված պնդումներ «Փի-Արտ» ընկերության սեփականատերերի կազմի և ընկերության գործելաոճի վերաբերյալ: Ի գիտություն Ձեզ և հոդվածի հեղինակի, տեղեկացնում ենք, որ մեր ընկերության վերաբերյալ սույն հոդվածում տեղ գտած տեղեկությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, ինչը, բնականաբար, նաև սխալ վերլուծությունների և եզրակացությունների հիմք է հանդիսացել: Նույնիսկ դժվարանում ենք ենթադրություններ անել, թե ի՞նչ տեղեկություններից և դրդապատճառներից ելնելով է հոդվածի հեղինակը կեղծ լրատվություն տարածել «Փի-Արտ» ընկերության սեփականատերերի թե' անհատական կազմի, և թե' սեփականատերերի թվի մասին:
Որպես PR-ի և լրատվական դաշտում երկար տարիների աշխատանքային մեծ փորձ ունեցող կազմակերպություն` կարող ենք միայն ենթադրել, որ նման «սենսացիոն» հրապարակումով 1000 տպաքանակ ունեցող «Ազատամտություն»-ն այս եղանակով է փորձում վերջապես իր տեղն ունենալ հայաստանյան լրատվական շուկայում:
Ամեն դեպքում, ընդունե'ք այս պարզաբանումը որպես պաշտոնական հերքում, որը, ըստ ՀՀ
«Մամուլի մասին» օրենքի` պետք է հրապարակվի Ձեր խմբագրած թերթի առաջիկա համարներից մեկում:
«Փի-Արտ» ընկերության տնօրեն
Կարեն Քոչարյան






